Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Քվեարկությանը նախորդել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների կարճատեւ ելույթները, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ԲՀԿ-ն ձեռնպահ կմնա տվյալ օրինագծի քվեարկությունից. «Նվազագույն աշխատավարձն այս չափով ավելացնելը մեզ համար անընդունելի է, սակայն գիտակցելով, որ մեր քաղաքացիներից շատերի համար տվյալ գումարը կարող է անհրաժեշտ լինել, խմբակցությունն ընդամենը ձեռնպահ կմնա քվեարկությունից»:
«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ը դեմ կքվեարկի օրինագծին. «Մեր խմբակցությունը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն այն պետք է կազմեր 72,5 հազ. դրամ: Կառավարության առաջարկած օրինագիծը ծաղր է ժողովրդի նկատմամբ: Ես գործընկերներիս կոչ եմ անում դեմ քվեարկել»:
Իր հերթին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ դեմ է նվազագույն աշխատավարձը առաջարկված չափով բարձրացնելուն: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փաստանջյանը նշել է, որ 2500 դրամը երկրի քաղաքացիներին նվաստացնող գումար է. «Մեր քաղաքացիներն ինքնասիրություն ունեն, այդ օրինագիծը սազական չէ մեր կառավարությանը եւ մեր ժողովրդին: Նվազագույն աշխատավարձն ամենաքիչը 60 հազար դրամ պետք է կազմի»:
ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցությունների ներրկայացուցիչներին չի հաջողվել ելույթ ունենալ, քանի որ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ, օգտվելով ռեպլիկի իրավունքից, ելույթ ունեցողներն սկսում են քննարկել օրինագծի բովանդակությունը: Նրա դիտողությանն աջակցել է ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ինչից հետո խորհրդարանն սկսել է քվեարկությունը: Արդյունքում 67 պատգամավորներ քվեարկել են «կողմ», 7-ը` «դեմ», 25-ը ձեռնպահ են մնացել:
Նշենք, որ համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի` Հայաստանում 2013թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 35000 դրամ (մոտ 85 դոլար)` առկա 32500-ի փոխարեն:





























