Եկամտային հարկի հաշվետվությունները 2013 թ. հունվարի 1-ից պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Դա կապված է եկամտային հարկի մասին նոր օրենքի կիրարկման հետ: ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ մինչեւ նոյեմբերի 30-ը գործատուները կարող են անվճար նույնականացման քարտերի գաղտնաբառ (PIN ծածկագիր) ստանալ հարկային մարմիններից;

Նույնականացման քարտերը տրվում են այն աշխատակիցներին, որոնք պատասխանատու են հաշվետվությունները ներկայացնելու համար: Նախ պետք է ոստիկանության անձնագրային բաժնից ստանալ նույնականացման քարտերը, այնուհետ դիմել հարկային մարմնի՝  գաղտնաբառ ստանալու եւ հաշվառվելու համար: Գաղտնաբառը հնարավորություն կտա հարաբերվել այլ պետական գերատեսչությունների հետ:

Գաղտնաբառն անվճար ստանալու համար պետք է դիմել մինչեւ նոյեմբերի 30-ը, այդ դեպքում ՀՀ պետական բյուջեից կփոխհատուցվի 3000 դրամ պետական տուրքը: «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն կիրականացնի գաղտնաբառ ստացած անձանց հաշվառումը եւ սպասարկումը: