Հարավկորեական մամուլը վստահեցնում է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել ազգային զինված ուժերի փոխնախարար Կիմ Չխոլյային: Պաշտոնյային պատժել են այն բանի համար, որ անցյալ տարի երկրի` վախճանված առաջնորդ Կիմ Չեն Իրուի մահվան պաշտոնական սգո արարողության ժամանակ սգալու փոխարեն նա «կերուխում» է արել: Նրանց տվյալներով, փոխնախարարը կալանքի տակ է վերցվել այս տարվա սկզբին` մահացած առաջնորդի ժառանգորդի եւ գլխավոր հրանատարի` Կիմ Չեն Ընի հրամանով:
Հարավկորեական մամուլի վարկածով փոխնախարարին գնդակահարել են ականանետից, գրում է բրիտանական The Telegraph թերթը: Պատժամիջոցի նման էկզոտիկ տարբերակը ընտրվել է կորեացի ժողովրդի նոր «հզոր առաջնորդի» կարգադրությամբ` որպեսզի դավաճանից անգամ թաց տեղ չմնա:
Հետախուզության տվյալներով, Հյուսիսային Կորեայում ռեպրեսիաներին զոհ են գնացել 14 բարձրաստիճան անձինք: Շատերը հեռացվել են իրենց պաշտոններից` չարժանանալով երիտասարդ առաջնորդի բարեհաճությանը, հաղորդում է NEWSru.com-ը:
Վերլուծաբանների կարծիքով, որպեսզի արմատից ոչնչացվի ցանկացած քննադատություն եւ խռովության փորձ` Կիմ չեն Ընը որոշել է գործել կանխարգելման տարբերակով` ազատվելով ոչ հաճելի ղեկավարներից: Հոր մահից հետո, երբ նա զբաղեցրել է հյուսիսկորեական առաջնորդի պաշտոնը, սկսել են անհետանալ բարձրաստիճան սպաներ, պատմել է հարավկորեական Chosun Ilbo թերթի աղբյուրը: Որոշ վկայություններով ձերբակալվել, կամ մահապատժի են ենթարկվել տասնյակ սպաներ:





























