Այսօր կեսօրին Խանջյան  փողոցում տեղի ունեցած խոշոր փլուզման արդյունքում մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 11 անձ (ֆոտոռեպորտաժ): Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, վիրավոր բանվորներից 8-ին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 3-ին չեն հոսպիտալացրել:

Հիվանդանոց տեղափոխվածներից չորսի վիճակը ծանր է, մյուս չորսինը` միջին ծանրության: Թե որն է եղել փլուզման պատճառը, ցույց կտա փորձագիտական եզրակացությունը, այժմ պարզվում է շենքի սեփականատիրոջ ինքնությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ վեց մարտական հաշվարկ:

Այժմ պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եվ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.): Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am