Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլատակների տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ` այս պահի դրությամբ տուժածներից 9-ին` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, շտապօգնության բրիգադները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 4-ինը` միջին ծանրության։ Տվյալները խիստ նախնական են, քանի որ ներկա պահին իրականացվում է համալիր հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել վնասվածքների ծանրության աստիճանը եւ որոշել բուժման հետագա ընթացքը։ Փլատակներից դուրս բերված երկու տուժած հենց շինհրապարակում ստացել են առաջին բուժօգնությունը։ Նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։
Ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները գտնվում են դեպքի վայրում եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ վեց մարտական հաշվարկ:
Այժմ պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եվ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.): Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի





























