Խանջյան 20 հասցեում, որտեղ կեսօրին փլուզում է եղել եւ 11 մարդ մնացել էր փլատակների տակ, ապօրինի շինարարություն էր իրականացվում, կառուցվում էր բացօթյա սրճարան եւ զվարճալիքների կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Նա նշեց, որ Խանջյան 20 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվությունը տրվել է «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին, իսկ Խանջյան 20 հասցեում շինարարական աշխատանքներն իրականացնում  է «Չիլինգարյան դիզայն քոնթրաքշն» ՍՊԸ-ն:

«Շինթույլտվությունը տրվել է բացօթյա սրճարանի եւ զվարճալիքների կենտրոն կառուցելու համար, թույլտվությունը տրվել է 23.12.2009թ, ժամկետը երկարացվել է 17.03.2011թ»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Տեղեկատվության եւ հասարակաւյնության հետ կապերի վարչության պետը նշեց, որ  Երեւանի քաղաքապետարանը արձանագրել է, որ սահմանված ժամկետներում շինարարությունը չի ավարտվել, այդ հիմքով կազմվել է արձանագրություն եւ Երեւանի քաղաքապետի որոշմամբ` նշանակվել է ավելի քան 2 միլիոն դրամի տուգանք: «Արձանագրությունը կազմելու ժամանակ մենք դադարեցրել ենք  շինարարությունը: Դրանից հետո կառուցապատողը պետք է դիմեր քաղաքապետարան եւ ստանար աշխատանքների շարունակման թույլտվություն, բայց դա չի արել: Այս պահին նա շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի ունեցել»,-ասաց Արթուր Գեւորգյանը:

Հարցին, թե իրականությանը համապատասխանում են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե այդ տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանին, Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ վեց մարտական հաշվարկ:

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլատակների տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: Այս պահի դրությամբ տուժածներից 9-ին` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, շտապօգնության բրիգադները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 4-ինը` միջին ծանրության։ Այժմ պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եվ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.):

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am