Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով տուժածների հետազոտությունները հիմնականում ավարտվել են: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վնասվածքներ ստացած շինարարներին դուրս է բերել շոկային վիճակից։

Ավելի մանրամասն հետազոտության արդյունքով պարզվել է, որ պատահարից տուժածներից միայն երկուսի վիճակն է գնահատվում ծանր։

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ 5 մարդ գտնվում է ծանր, իսկ 4-ի միջին ծանրության վիճակում։
Նոր տվյալով՝ մյուս տուժածները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։

Տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջահության նախարար Դերենիկ Դումանյանն այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ վեց մարտական հաշվարկ:

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով փլատակների տակ է մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադ: Այժմ պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան եվ Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.):

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի / NEWS.am