«Յունիբանկն» առաջարկում է կոմունալ վճարումներն իրականացնել  «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի միջոցով

«Յունիբանկն» ընդլայնել է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի գործառույթները` հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կատարել նաեւ կոմունալ վճարումներ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգ` օգտագործելով ծածկանունը, գաղտնաբառն ու բանալին, եւ անցում կատարել «Կոմունալ ծառայություններ» բաժին: Այդ էջում կբացվի վճարման ձեւը, որը լրացնելուց հետո անհրաժեշտ է հաստատել կատարումը: Եթե վճարումը հաստատվում է ժամը 17:00-ից հետո, ապա այն իրականացվում է հաջորդ օրը:

«Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց «Յունիբանկի» կողմից  տրամադրվում է անվճար: Համակարգի միջոցով, ցանկացած ժամանակ, աշխարհի ցանկացած վայրից, Ինտերնետին միացված համակարգչի միջոցով,  կարելի է հարմար եւ անվտանգ կառավարել բանկային հաշիվները: Մասնավորապես, կարելի է աշխատել վճարային փաստաթղթերի հետ, փաստաթղթերն առաքել բանկ, ստանալ բանկային հաշիվների քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի համար:

«Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմի «Յունիբանկ», կնքի համապատասխան պայմանագիր եւ ստանա մուտքի իրավունք:  «Յունիբանկի»  «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի հիմնական առավելություններից մեկն օգտագործման պարզությունն է: Այն չի պահանջում հատուկ ծրագրի ներբեռնում. հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով` www.unibank.am կամ www.unibank-armenia.com: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը:  

«Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV  հավաստագրի միջոցով: