Վրաստանի խորհրդարանը հենց նոր ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական առաջնորդությամբ «Վրացական երազանք» կոալիցիայից կազմված նոր կառավարությանը: «Կողմ» է քվեարկել 88, դեմ՝ 54 պատգամավոր:

Ավելի վաղ` հոկտեմբերի 25-ին, «Վրացական երազանքի» առաջնորդը եւ Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանում ներկայացրել է  Կառավարության՝ «Հանուն ուժեղ, ժողովրդավար, միասնական Վրաստանի» անունը կրող ծրագիրը: Որպես արտաքին քաղաքական գերակայություն` Իվանիշվիլին առանձնացրել է ԵՄ-ի հետ ինտեգրման եւ  եվրաատլանտյան կողմնորոշումը:

«Տարածաշրջանային կշռադատված քաղաքականությամբ Վրաստանը պետք է ձեռք բերի կովկասյան շահերը միավորող գործառույթ: Կարեւոր են Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ  քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները»,-ասել է նա: Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ հակամարտության կարգավորման  հարցում Իվանիշվիլին  կոչ է արել  օգտագործել ազգային դիվանագիտությունը եւ նպաստել տնտեսական վերականգնմանն ու բիզնես ծրագրերին:

Ներքին քաղաքականության հարցում Իվանիշվիլին խոստացել է  լայնածավալ բարեփոխումներ իրականացնել ռամավարական բոլոր ուղղություններով, ինչպես նաեւ  բնակչությանը չբաժանել յուրայինների եւ օտարներին: Նա ընդգծել է , որ  խախտումների բոլոր մեղավորները  պատասխան կտան դատարանի առաջ, սակայն քաղաքական հետապնդումներ չեն լինի:

Իվանիշվիլին նաեւ նշել է, որ  նոր կառավարությունը  տարբեր միջոցներ է առաջարկում ազգային փոքրամասնությունների վրացական հասարակությանն ինտեգրման ու ներգրավման համար: Նշված միջոցների թվում է փոքրամասնությունների մշակույթի  մասսայականացումը եւ պաշտպանությունը, լեզվի ու ավանդույթների զարգացումը:

Ինչպես հայտնում է «Նովոստի Գրուզիան», Իվանիշվիլիի հակառակորդները` «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները քննադատել են կառավարության նոր ծրագիրը: «Ոչ մի դրական ծրագիր գոյություն չունի, իսկ մենք դա լավ ենք տեսնում»,-ներկայացրել է փոքրամասնության ներկայացուցիչ  Գեորգի Գաբաշվիլին: