Մեկնաբանելով Պետդումայում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի ելույթը` ՌԼԴԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հիշեցրել է, որ Ռուսաստանի համար ռազմական սպառնալիքները պահպանվում են. «Հիմնականում հարավում` արաբները, Իսրայելը, Պաղեստինը, Իրանը, Աֆղանստանը: Սա ճակատ է ամբողջ XXI դարի համար: Իսկ քանի որ այդ ամենը մեր սահմանների մոտ է, բնականաբար պետք է ամրացնենք հարավային ուղղությունը: Ժամանակակից զենք է հարկավոր…»:

Ինչպես նշում է իսրայելյան IzRus գործակալությունը սա իսրայելական թեմայով ՌԼԴԿ-ի առաջնորդի առաջին հայտարարությունը չէ եւ ՌՏՌ հեռուստաալիքի հարցազրույցից հատված է մեջբերում. «Իսրայելը Լիբանանում կորած մեկ կապրալի համար ներխուժեց այնտեղ,  «արդուկեց» ողջ երկիրն ու գնաց»:

Հետո Ժիրինովսկին վերլուծել է Գիլադի ազատագրման գործարքը. «Նրանք հատուկ արեցին: Դա ծաղր էր արաբների հանդեպ: Ահա տեսեք, իսրայելցի մեկ կապրալին փոխում ենք ձեզ նման հազարների հետ: Դուք աղբ եք, նրանք ասում են` դուք մանրուք եք, ճիճու եք», - 2011թ. հոկտեմբերին Առաջին ալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր Ժիրինովսկին: Նա վստահեցնում էր, որ այդկերպ Իսրայելը ձգտում է բարկացնել արաբներին: «Սա է դավը: Իրավիճակը սրելու սադրանք է: Ինչի՞ համար: Որովհետեւ Լիբանանը`անհասկանալի է, ինչ է կատարվում, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան: Սիրիայի պարագայում լիբիական տարբերակն են ծրագրել: Բնաջնջել Մերձավոր Արեւելքը, քաոս սերմանել: Եւ նավթ քաշել: Ամենուր շահադիտական մղումներ, ամենուր: Բոլոր գործողություններում` փողեր... », -ասել է Ժիրինովսկին: