Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամն իրականացնում են Կիեւում կայանալիք «WORLD FOOD UKRAINE 2012» սննդի եւ խմիչքների միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքները:
Ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը:
«WORLD FOOD UKRAINE 2012» ցուցահանդեսը համարվում է ամենամեծ մասնագիտացված ցուցահանդեսը սննդի ոլորտում: Այն ներառում է սննդի եւ խմիչքի մատակարարների լայն ցանց, որոնք ցուցադրում են իրենց արտադրանքը: Միջոցառումը կարեւոր հարթակ է սննդի արդյունաբերության համար, որը հնարավորություն կտա միջազգային մատակարարներին, գնորդներին, արտադրողներին, բաշխիչներին, մեծածախ եւ մանրածախ առեւտրով զբաղվող կազմակերպություններին հանդիպել միմյանց եւ գործարար կապեր հաստատել:
Ավելի քան 200 ներկայացուցիչներ 20 երկրներից կմասնակցեն ցուցահանդեսին:
Վերոնշյալ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակն է նպաստել տեղական արտադրության ապրանքների առաջմղմանը եւ հայկական ընկերությունների արտահանման ծավալների մեծացմանը: Միասնական հայկական տաղավարում կներկայացվեն պահածոներ, հյութեր, չիր, կոնյակ, գինի` մրգային եւ խաղողի, աղբյուրի ջուր, ձուկ եւ ձկնամթերք արտադրող տեղական ընկերություններ, մասնավորապես` «Երեւանի Կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Էդվագ Գրուպ», ՍՊԸ-ն՝ իր «365 գինիներ» ապրանքանիշով, «Մառան» ՍՊԸ-ն, «Սիս Նատուրալ” ՍՊԸ-ն, «Լեւոն» ՍՊԸ-ն, «Մեղրիի պահածոների գործարան» ՓԲԸ-ն, «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն, «Վի Վի Փի Քոնսալտինգ” ՍՊԸ-ն՝ իր «Հայկական» ապրանքանիշով:





























