Ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները Լոս Անջելեսի շրջանում ավելացել են 15 տոկոսով: Այս մասին հայտնել է Լոս Անջելեսի շրջանի` մարդկանց միջեւ հարաբերությունների Հանձնաժողովը:
Ինչպես փոխանցում է «La Cañada ValleySun»-ը, Հանձնաժողովի ամենամյա հաշվետվության մեջ ատելության հողի վրա իրագործված հանցագործությունների մասին 2011 թ-ին արձանագրվել է 489 դեպք, իսկ նախորդ տարում` 427 դեպք, սակայն այս ցուցանիշը դեռեւս չի գերազանցում 2001 թ-ի գագաթնակետը, երբ գրանցվել էր 1031 դեպք:
Անցյալ տարի Լա Կրեսենտեում ատելության հողի վրա տեղի ունեցած միջադեպն իր մեջ ներառել է ամերիկահայերի հասցեին հնչեցված վիրավորանքներ, իսկ միջադեպերից մեկն ուղեկցվել է հոմոֆոբ արտահայտություններով: Նրանցից յուրաքանչյուրը սկսվել է լեզվակռվից, մեկը` ճանապարհին ծագած ագրեսիվ պահվածքի պատճառով, իսկ մյուսները` նախկինում արդեն տարաձայնություն ունեցող մարդկանց միջեւ:
Լոս Անջելեսի շրջանում 2011 թ-ին ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործությունների մեծ մասը բռնությամբ են ուղեկցվել, այդ թվում ֆիզիկական բռնությամբ, դանակահարությամբ եւ հրաձգության փորձերով: Մնացածները ներառել են քրեական սպառնալիքներ, խուլիգանություն եւ վանդալիզմ:
2011 թ-ին ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործությունների գրեթե կեսը ռասայական բնույթ են ունեցել եւ աֆրոամերիկացիները ամենահաճախն են թիրախ դարձել: Աֆրոամերիկացիների նկատմամբ ատելության հողի վրա իրագործված 154 հանցագործությունների 98 կասկածյալների երկու երորդը Լատինական Ամերիկայից եկվորներ են, ովքեր հավասարապես կապ ունեն փողոցային ավազակախմբերի հետ: Անցյալ տարի ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործություններում սպիտակների գերակայությամբ գործողությունների կողմնակիցների թիվը կազմել է 21 տոկոս:




























