Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր ազգայնացման քաղաքականությամբ առաջ է բերել եվրոպացի ներդրողների դժգոհությունը: Գերմանական Handelsblatt պարբերականն իր այսօրվա հրապարակման մեջ քննադատել է ոչ միայն Օրբանի տնտեսական քաղաքականություն, այլ նաեւ անձամբ նրան:
«Օրբանն ուզում է լինել ամեն տեղ. հիմա նա որոշել է չեղյալ հայտարարել ընկերությունների մասնավորեցումը: Խորհրդարանում ունենալով պատգամավորների 2/3-ի աջակցությունը, Օրբանը կարող է միանձնյա որոշել հունգարական քաղաքականությունը, բայց դա նրան քիչ է: Նա ուզում է իր խոսքն ասել նաեւ էկոնոմիկայում: Պետությունը պարզապես գնում է մասնավոր ընկերությունները: Հատկապես մեծ է էներգետիկ ոլորտի ընկերությունների եւ բանկերի պահանջարկը: Այսպիսով, հետկոմունիստական մասնավորեցումը մասնակիորեն հակառակ ուղղությամբ է ընթանում»,-գրել է թերթը: Ապա նշվում է, որ գործարքները տեղի են ունենում շուկայական գներով. «50-ամյա Օրբանի երիտասարդությունն ու ուսանողական տարիներն անցել են սոցիալիզմի ժամանակ: Հնարավոր է, դա է պատճառը, որ Օրբանը հանդես է գալիս տնտեսությունում պետության ակտիվ մասնակցության օգտին»:
Մասնավորապես, գերմանական պարբերականի դժգոհությունն է առաջացրել Հունգարիայի վարչապետի ցանկությունը՝ հունգարական տնտեսությունից դուրս մղել գերմանական գազաբաշխիչ Eon ընկերությունը: Այդ ընկերության սեփականատերերին Օրբանը հայտարարել է, որ դա կանի «վայրկյանների ընթացքում»: Eon ընկերությունը Հունգարիայում գործում է 2005 թվականից, որն այս ընթացքում գազի տեղափոխման համար 2 մլրդ եվրո է վճարել:
Նույնկերպ մի քանի տարի առաջ ֆրանսիական Suez ընկերությունը կորցրել է հունգարական Պեչ քաղաքի ջրամատակարարման կոնցեսիան:
Պաշտոնական նպատակը, որը բարձրաձայնել է Օրբանը, բոլոր առանցքային ենթակառուցվածքների ազգայնացումն է: Իր գործողությունները նա հիմնավորել է այսպես. Մատակարարները չպետք է շահույթ ստանան, նրանք պետք է աշխատեն ինքնարժեքով, որի դեպքում ծառայությունները բնակչության համար էժան կլինեն:




























