Շուրջ 100 ցուցարարներ ներխուժել են Թբիլիսիի քաղաքապետարանի շենք՝ պահանջելով բնակարաններ տրամադրել իրենց նոր շենքերում, որոնք շվեյցարական կողմը կառուցել է սոցիալապես անապահով քաղաքացիների համար: Ցուցարարները տեղավորվել են քաղաքապետերանի երկրորդ հարկում՝ իրենց ճանապարհից «սրբելով» շենքի անվտանգության աշխատակիցներին:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն լքի շենքը, քանի դեռ իրենց տուն չեն տվել, քանի որ իրենք ապրելու տեղ չունեն:

Քաղաքապետարանի սոցիալական ծառայության ղեկավար Մամուկա Կածարավան հայտարարել է, որ նոր շենքերում կա ընդամենը 24 բնակարան եւ դրանք արդեն բաշխված են պատկան կազմակերպությունների կողմից եւ քաղաքապետարանը դրանք վերաբաշխելու իրավունք չունի:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, նոր շենքերը երեկ՝ հոկտեմբերի 24-ին, բացել են Թբիլիսիի քաղաքապետն ու Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչը:

Այսօր, ժամը 12-ին քաղաքապետարանի շենքի դիմաց մարդկանց բազմություն է հավաքվել, որը պահանջել է վերաբաշխել բնակարանները: Նրանք մի քանի ժամ բողոքի ակցիա են անցկացրել՝ փակելով ճանապարհը, ինչը հանգեցրել է վարորդների հետ բախումների, իսկ ավելի ուշ նրանք ներխուժել են քաղաքապետարանի շենք: