Սկանդալային Wikileaks կայքն սկսել է հրապարակել «Քրեակատարողական քաղաքականություն» անվանումը կրող նյութերի շարքը, որի մեջ ներառված են ավելի քան ԱՄՆ պետական պաշտպանության դեպարտամենտի 100 գաղտնի փաստաթղթեր:

Այդ փաստաթղթերը նկարագրում են Իրաքում եւ Կուբայում ամերիկյան զինվորական բանտերի կանոններն ու ընթացակարգերը: Դրանք ներառում են Աբու Գրեյբ եւ Գուանտանամո բանտերի ստանդարտ գործառնական ընթացակարգերը, հարցաքննությունների անցկացման կանոնները եւ բանտարկյալների պահման ընթացակարգերի փոփոխման մասին հրամանների քաղվածքները:

Կայքում ներկայացվում է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայտարարությունը, որտեղ ասվում է. «Քրեակատարողական քաղաքականությունը» ցույց է տալիս սեպտեմբերի 11-ից հետո անազատության մեջ գտնվողների նկատմամբ ողջ գազանությունը, մերկացնում է խավարը, որտեղ չեն կիրառվում օրենքներ եւ իրավունք, որտեղ առանց պատճառի կարող են կալանավորել մարդուն, միայն այն բանի համար, որ պաշտպանության նախարարությանն այդպես հարմար է»:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru –ն, հայտարարությունում Ասանժն իրավապաշտպաններին կոչ է անում ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը, որտեղ կան մարդու իրավունքի խախտումներ: