«Հայատոմ» ԳՀԻ-ն պատրաստ է համակարգչային սարքավորումների ստեղծմանը` էներգահամակարգերի եւ արտադրության համար: Ինստիտուտի ներկայացուցիչ Սերգեյ Սիմոնյանը «Expo Russia Armenia» արդյունաբերական ցուցահանդեսում NEWS.am-ի թղթակցին ասաց, որ 2013 թ. սկզբից «Հայատոմը» պատրաստվում է  ավարտել 3D սարքի մշակումը Մեծամորի ԱԷԿ-ի գործող ռեակտորի համար: «Ծրագրի կորիզը, մասնավորպես, պատկերի կառավարումը, մեզ մոտ արդեն պատրաստ է, իսկ դրա հիմքի վրա կարող ենք կազմել նույնպիսի մոդել ցանկացած էներգետիկ կամ արտադրական օբյեկտի համար»,-պարզաբանեց Ս. Սիմոնյանը:

ԱԷՄԳ-ի ծրագրով «Հայատոմը» կազմել է ռեակտորի ֆիզիկական մակետը եւ նրա կառուցման եւ տեխնիկական վերահսկողության ուսուցողական ծրագիրը: «Փոխելով պարամետրերը` մենք կարող ենք նմանատիպ ծրագիր պատրաստել, օրինակ, տրանսֆորմատորային ենթակայանների համար: Տեղական խոշոր ընկերությունների հետ հանդիպել ենք: Մշակումը նրանց հետաքրքրում է, սակայն երբ գործը հասնում է թվերին, էնտուզիազմը նվազում է»:

Ինստիտուտի լաբորատորիաներից մեկը համակարգչային մոդելավորման վրա աշխատում է   90-ականների վերջից:  2000-ականներին մշակումներն առաջարկվեցին ռուսաստանցի գործընկերներին,  իսկ մի քանի տարի առաջ ինստիտուտը մոդելի հերթական կատարելագործում իրականացրեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի դրամաշնորհային միջոցներով: