Սպորտային ապրանքներ արտադրող Nike ընկերությունը Umbro բրենդը վաճառել է Iconix Brand խմբին, որը զբաղվում է լիցենզիոն իրավունքների կառավարմամբ: Այս մասին հաղորդվում է Nike ընկերության մամուլի հաղորդագրությունում:

Գործարքի արժեքը կազմել է 225 մլն դոլար, որը կվճարվի մինչեւ տարեվերջ: 2008 թվականին Nike-ը բրիտանական մրցակցի համար վճարել է 565 մլն դոլար, 2009-ին արտադրողը ստիպված է եղել դուրս գրել Umbro-ի ակտիվներից 401 մլն դոլար՝ համաշխարհային ճգնաժամի պատճառով:

Iconix-ը հույս ունի, որ ձեռք բերած ընկերությունը թույլ կտա իրեն ավելացնել եկամուտը մինչեւ 13 մլրդ դոլարի: Խումբը վաճառում է ապրանքների թողարկման իրավունքը որոշակի առեւտրային ապրանքանիշով: Ներկայումս ընկերությանն են պատկանում սպորտային ապրանքների, էլեկտրոնիկայի, զվարճությունների, հագուստի եւ տնային ապրանքների 29 բրենդներ, գրում է Lenta.ru-ն:

Umbro-ի հետ գործարքը Nike-ի միակ անհաջող գործարքը չէ: Նախկինում ընկերությունը ստիպված է եղել վաճառել նաեւ Starter-ը (հագուստի արտադրող):