Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպումից լուրջ առաջընթաց սպասել չի կարելի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, քանի որ այս հանդիպումն ուղղված է երկխոսության ապահովմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը:
Նրա խոսքով, Ադրբեջանը հավանական էր համարում, որ Սաֆարովին ազատ արձակելուց հետո Հայաստանը կհրաժարվեր բանակցային գործընթացից, սակայն դա տեղի չունեցավ: «Հայկական կողմը հերթական անգամ կներկայացնի իր դիրքորոշումը Սաֆարովի արտահանձման ու ներում շնորհելու կապակցությամբ»,-ասաց նա:
Մարկարովը նշեց, որ հանդիպման ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների նախապատրաստման հարցը: Քաղաքագետի կարծիքով այլ զարգացումներ ու քննարկումներ չեն սպասվում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել էին այս տարվա հուլիսի 18-ին Փարիզում, որից հետո ԵԱՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ: Արտգործնախարարները պատրաստակամություն էին հայտնել շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, որ կթուլացնի առկա լարվածությունը:





























