Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակի պոկվելու պատճառով տուժածների վիճակը ծանր է գնահատվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերկենդանացման բաժանմունքից: Վերակենդանացման բաժանմունքում նշեցին, որ տուժածներից՝ 45-ամյա Խաչիկ Եփրեմյանի վիճակը անհամեմատ ավելի ծանր է, քան 60-ամյա Գեւորգ Սաֆարյանինը: «Գեւորգ Սաֆարյանի վիճակը համեմատաբար կայուն է, իսկ Խաչատուր Եփրեմյանի հետ հնարավոր է սպասվելիք բարդություններ առաջանան, հետեւաբար դժվար է ասել կյանքին վտանգ սպառնում է, թե՝ ոչ»,- պարզաբանեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հատնեցին, որ մահացածներին քիչ առաջ է հաջողվել դուրս բերել, սակայն նրանց ինքնությունը դեռ չի պարզվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին:




















































