Առաջիկա 10-15 օրվա ընթացքում կմեկնարկի Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը: Այս մասին հոկտեմբերի 25 –ին ամփոփելով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողվի 11-րդ նիստի արդյունքները, հայտարարեց հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով` այդ ժամկետներում շինարարությունն սկսելու առաջարկը եղել է հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդա Նամջուի կողմից: Իրանցի նախարարը նշեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման առումով բոլոր խնդիրները լուծված են, այդ թվում` ֆիանսավորման հարցը, եւ ծրագրի իրականացման համար ոչ մի խոչընդոտ չկա:
Նա ավելացրեց, որ Իրանը շահագրգռված է այս եւ համատեղ մյուս խոշոր ծրագրերի իրականացման հարցում: Նախարարի խոսքով` երեք հիմնական համատեղ ծրագրեր կան, որոնց նկատմամբ երկու կողմերն էլ հետաքրքրություն են դրսեւորում` ՀԷԿ-ի, բարձրավոլտ էլեկտրագծի, եւ Իրան-Հայաստան երկաթուղու:





























