«Հրապարակը» գրում է, որ իշխանական  կուլիսներում լուրեր են շրջանառվում Գագիկ Ծառուկյանի եւ իր «կնքահայր» Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների վատթարացման վերաբերյալ: Ըստ դրանց, Քոչարյանն  ու Ծառուկյանը կոշտ զրույց են ունեցել նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի դիրքորոշման շուրջ, Քոչարյանը պահանջել է սատարել Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Մյուս կողմից Սերժ Սարգսյանին սատարելու պահանջն է դրված:

Երկու քարի արանքում հայտնված Ծառուկյանը դեռ որոշում չի կայացրել: Որոշումը պարտադրելու համար գործի է անցել քարոզչամեքենան: Մի կողմից՝ իշխանական քարոզչամիջոցներն են փորձում հասկացնել, որ եթե չսատարի, իր համար վատ կլինի: Մյուս կողմից՝ փորձում են հրապարակումներով կանխել Սերժ Սարգսյանին սատարելու տրամադրությունները:

Ըստ լուրերի, չի բացառվում, որ առաջիկայում «ուտեչկաների» տեսքով հիշեցումներ արվեն ինչ-ինչ հարցերում Ծառուկյանի դերակատարման վերաբերյալ: Թերեւս սա է պատճառը, որ կամաց տարանջատվում են ԲՀԿ-ական ու քոչարյանական քարոզչամիջոցները, ինչն էլ ստիպում է ԲՀԿ-ին ձեռնամուխ  լինել լրատվական նոր ռեսուրսների ստեղծմանը: