ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ առաջիկա ընտրություններում նրա մրցակից հանրապետական Միթ Ռոմնին նախընտրական փուլի ամեն վայրկյան ծախսում են 27 դոլար: Նման հաշվարկ է արել CNBC հեռուստաընկերությունը:
Լրագրողները վերլուծել են ԱՄՆ-ի Դաշնային ընտրական հանձնաժողովի վերջերս ներկայացրած հաշվետվությունը, որի համաձայն այն գումարը, որը ծախսվել է 2011 թ.-ի հունվարից միչեւ 2012 թ.-ն ընկած ժամանակահատվածը նախագահի պաշտոնի համար ընթացող նախընտրական նպատակով, կազմել է 1,5 մլրդ դոլար: Այսպիսով, Օբաման եւ Ռոմնին նախընտրական քարոզարշավի համար ծախսում են ամսական 70 մլն դոլար, օրական 2,3 մլն դոլար եւ 26,86 դոլար վայրկյանում: Այս գումարի մեծ մասը ծախսվում է հեռուստագովազդի վրա, փոխանցում է «Վեստի.ru»-ն:
Ռոմնին համեմատաբար առավել համեստ է ներկայանում: Նշված ժամանակահատվածում նրա ծախսերը կազմել է մոտ 700 մլն դոլար, իսկ Օբաման ծախսել է ավելի քան 775 մլն դոլար: CNBC-ի հաշվարկների համաձայն, Սպիտակ տան գործող ղեկավարը ամեն ընտրողի վրա ծախսում է 5,33 դոլար, իսկ նրա մրցակիցը` 4,8 դոլար:
Փորձագետներն այս նախընտրական կամպանիան արդեն ճանաչել են ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկարժեքը: Համեմատության համար ասենք, որ 1980 թ.-ին Ջիմմի Քարտերը եւ նրա մրցակիցը` Ռոնալդ Ռեյգանը նախընտրական նպատակներով ծախսել է ընդհանուր առմամաբ 528 մլն դոլար: 20 տարի անց` 2000 թ.-ին Ջորջ Բուշ կրտսերը եւ Ալբերտ Գորը` 899 մլն դոլար:





























