ԵԱՀԿ-ում եւս մտահոգված են Ադրբեջանի գործողություններից: Այդ մասին հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Մովսես Հակոբյանը հայտնել է, որ նախօրեին հանդիպել է շփման գծում իրավիճակի մոնիտորինգին մասնակցելու համար ԼՂՀ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Նա նաեւ հիշեցրել է, որ ԼՂՀ այցերի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես հանդիպում են պաշտպանության նախարարի հետ:
«Մենք ԵԱՀԿ ներկայացուցիչներին ներկայացնում ենք անհանգստացնող բոլոր հարցերը, տվյալներ ենք ներկայացնում հրադադարի ռեժիմը խախտելու եւ շփման գծում իրավիճակի վերաբերյալ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը կիսում են մեր մտահոգությունները, եւ ամեն անգամ, ըստ նրա, միջոցներ են ձեռնարկում`դրանք Ադրբեջանի իշխանություններին փոխանցնելու համար», - նշել է Մովսես Հակոբյանը:
Պատասխանելով շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկի վերաբերյալ հարցին` նախարարը հիշեցրել է, որ ղարաբաղյան կողմը համաձայնություն է տվել:
«Որպես զինվորական հասկանում են, որ դա շատ բարդ գործընթաց է, եւ ներկա իրավիճակում, կողմերի միջեւ առկա հարաբերությունների պայմաններում, անգամ անհնար է: Բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել նախաձեռնությունից եւ դրա իրագործման համար ջանքեր չձեռնարկել», - նշել է Մովսես Հակոբյանը` հավելելով, որ այս պահին Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են համապատասխան առաջարկներից եւ համապատասխան մեխանզմներ ստեղծելուց:





























