Ռամիլ Սաֆարովի ներման փաստն ակնհայտ ցույց է տալիս, թե ով է մեր հակառակորդը: Այդ մասին հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

«Ես հարգանքով եմ վերաբերվում հակառակորդին: Բայց այն հակառակորդին, որը մարտի դաշտում է պայքարում:

Որպես զինվորական եւ տղամարդ` ինձ համար տհաճ է խոսել քնած մարդուն սպանած հանցագործին ազատելու գործարքի մասին: Եթե նա մեր սպային սպաներ ազնիվ մարտում, ես, հավանաբար, կհարգեի նրան: Բայց անհնար է հաշտվել քնած մարդուն սպանելու գաղափարի հետ, այն էլ` հայ լինելու պատճառով սպանելու», - ընդգծել է Մովսես Հակոբյանը: Միաժամանակ նախարարը նշել է, որ իրավիճակն ինչ-որ իմաստով դրական է ազդել մեր բանակի վրա:  «Այժմ ջանքեր չեն պահանջվում բացատրելու, թե ով է մեր հակառակորդը: Յուրաքանչյուր զինվոր հասկանում է, որ եթե իր ավանդը չներդնի հաղթանակի գործում, վաղը ռամիլ սաֆարովները կարող են իր տան  մոտ հայտնվել, սպանել իր ընտանիքին եւ հերոս հռչակվել: Կարծում եմ, սա մեզ եզրակացության հիմք է տալիս. մենք հասկանում ենք` ով է մեր թշնամին եւ ինչին պետք է պատրաստ լինենք», - ասել է Մովսես Հակոբյանը` հավելելով, որԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները նույնպես բացասաբար են արձագանքում Ռամիլ Սաֆարովի ներմանը. «Համանախագահներրը հասկանում են, որ Ադրբեջանն իիրեն հարեւանի նման չի դրսեւորում»:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:

Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: