Mail.ru Group-ը զգուշանում է, որ նշանավոր  «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցաները  կարող են փակվել:  Ալիշեր Ուսմանովի կազմակերպությունը  զգուշացրել է իր ներդրողներին, որ սոցիալական կայքերը  փակման վտանգի առաջ են հայտնվել` սեւ ցուցակների մասին իշխանության կողմից ընդունած օրենքի պատճառով:

«Սեւ ցուցակների մասին օրենքի սխալ կիրառությունը  կարող է հանգեցնել  Mail.ru Group-ի մեկ կամ մի քանի ռեսուրսների արգելափակմանը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ընկերության եկամուտների եւ շահութաբերության վրա»,- Mail.ru Group-ի հայտարարությունը մեջբերում է «Իզվեստիան»:

Սեպտեմբերի սկզբին Mail.ru Group-ը հրապարակել է  կես տարվա հաշվետվությունը: Բոլոր ցուցանիշներով  ընկերությունը լավ աճ է գրանցել: 2012 թ.-ի հունվարից մինչեւ հունիս խմբի միասնական  եկամուտը ավելացել է 9,7 մլն. ռուբլով, ինչը 49 տոկոսով ավել է 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես գրում է Top News-ը,  «Սեւ ցուցակների» մասին ռուսական նոր օրինագիծը  հանրային մեծ արձագանք է  առաջացրել:  Նրա կիրառության դեմ հանդես են եկել մի շարք ինտերնետ ընկերություններ, քանի որ, նրանց կարծիքով,  տվյալ օրենքը  իշխանություններին թույլ է տալիս փակել ցանկացած ցանցային ռեսուրս` մանկապղծության դեմ պայքարի պատճառաբանությամբ:

Փաստաթուղթը նախատեսում է  ստեղծել այն կայքերի, էջերի եւ տեղեկտավությամբ ցանցային հասցեների  «սեւ ցուցակը», որոնք վտանգ են  ներկայացնում երեխաների համար: Առաջին հերթին  խոսքը վերաբերում է մանկական պոռնոգրաֆիային, ինքնասպանություն եւ թմրանյութ պատրաստելու հրահանգներին: Այս դեպքում հնարավոր է կայքերի մինչդատական արգելափակումը: