Վանաձոր քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել ընդամենը մեկ դատապարտյալ, ով բողոքում է իր քրեական գործից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Վանաձոր ՔԿՀ-ում կալանավորները զանգվածային հացադուլ են հայտարարել:

Ինչ վերաբերում է մի խումբ կալանավորների դժգոհությանը` խցերում սառնարան եւ սալօջախ պահելու, տեսակցությունների, ուտելիքի եւ սանիտարական վիճակի մասին, ապա Գոռ Ղլեչյանը ասաց հետեւյալը: «Արդարադատության նախարարության քրեակատաարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ ընդունած թիվ 15/43  որոշմամբ գոյություն ունի իրերի,առարակների եւ սննդամթերքի ցանկ, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին, ստանալ կամ ձեռք բերել ծանրոցներով կամ փաթեթներով: Ըստ այդ ցանկի` սալօջախ կամ ճաշ եփելու հարմարանք չի թույլատրվում, իսկ սառնարան հատկացվում է դիմումի համաձայն, այսինքն` դատապարտյալը դիմում է գրում, քննարկվում է եւ խցում տեղադրում են»:

Նշենք, որ  երեկ երեկոյան «Հրապարակ» թերթին զանգահարել են «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները եւ հայտնել, որ պատրաստվում են զանգվածային հացադուլ անել: Դժգոհությունների ցանկը շատ մեծ էր՝ տեսակցություններ, ուտելիք, սանիտարական վիճակ: Ասում էին, որ պետը՝ Արտյոմ Մխիթարյանը, արգելում է սառնարան, պլիտա բերեն, ինչը բոլոր ՔԿՀ-ներում թույլատրված է, հանձնուքների մեծ մասը ետ են վերադարձնում՝ հատկապես միրգը, քաղցրեղենը:

Տեսակցությունների սենյակում «կամերաներ» են դրել եւ, ամենակարեւորը՝ «անմարդկային վերաբերմունք է»: