Ռուս ընդդիմադիր, «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովին զանգվածային անկարգությունների նախապատրաստման պաշտոնական մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Մարկինը նաեւ նշել է, որ Ուդալցովն իր մեղքը չի ընդունել:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Ուդալցովի նկատմամբ խափանման միջոցն անփոփոխ է մնացել նա նախկինի պես բացակայելու իրավունք չունի, իսկ զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործի մյուս երկու մասնակիցները` Կոնստանտին Լեբեդեւը եւ Լեոնիդ Ռազվոզժաեւը, բանտում են:
Ինչպեսս գրում է «Կոմերսանտը», Ուդալցովին մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում: Նախքան ՔԿ ժամանելը Ուդալցովն իր թվիթերում գրել էր, որ «դա Պուտինի վարչակարգի դատաստանը կլինի»:
Ուդալցովի, Լեբեդեւի եւ Ռազվոզժաեւի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՆՏՎ-ով ցուցադրված «Բողոքի անատոմիա-2» ֆիլմի փաստերի ստուգումից հետո, որտեղ նշվում էր, որ «Ձախ ճակատը» վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի օգնությամբ Ռուսաստանում իշխանության բռնազավթում էր նախապատրաստում` Մոսկվայի բանկի արտասահմանում գտնվող նախկին ղեկավար Անդրեյ Բորոդինի ֆինանսավորմամբ:




























