Տեխասի գերագույն դատախազը ԵԱՀԿ մարդու իրավունքների ու դեմոկրատական ինստիտուտների բյուրոյին պահանջել է չխառնվել նոյեմբերի 6-ին նահանգում կայանալիք ընտրություններին:

Reuters գործակալության հետ հարցազրույցում, դատախազ Գրեգ Էբոտը հայտնել է, որ ինքն ուսումնասիրում է ԵԱՀԿ դիտորդական խմբի նկատմամբ դատական գործ հարուցելու հնարավորությունը, եթե նրանք չգործեն նահանգի օրենքների շրջանակում։

«Նրանք գործում են այնպես, որ կարծես չեն ենթարկվում Տեխասի օրենքներին: Մեր նպատակն է նրանց հասկացնել, որ Տեխասի տարածքում նրանք ենթարկվում են նահանգի օրենքներին»,- հայտարարել է դատախազը:

Էբոտը նամակով դիմել է ԵԱՀԿ դիտորդական բյուրոյին` հայտնելով, որ դիտորդները իրավասու չեն մտնել ընտրական տեղամասեր:

Եթե նրանք փորձ անեն մոտենալ տեղամասին ավելի մոտ, քան նախատեսված է օրենքով, ապա կենթարկվեն պատասխանատվության:

Իր հերթին ԵԱՀԿ դիտորդական բյուրոյի տնօրեն Յանեզ Լենարչիչը անօրինական է համարում նման քրեական սանկցիաները:

«Դիտորդները ԱՄՆ-ում են գտնվում, որ հետեւեն ընտրություններին, այլ ոչ թե խառնվեն»,- հայտնեց նա: