Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 26-ին հերքել է այն տեղեկությունը, ըստ որի  Վլադիմիր Պուտինը մեջքի հետ կապված առողջական խնդիրներ ունի եւ, հնարավոր է, վիրահատական միջամտության հարկ լինի:

«Դա  իրականությանը չի համապատասխանում», - հաղորդել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` նախագահն իրեն լավ է զգում, մտադիր չէ ընդհատել աշխատանքը եւ ամեն օր հանդիպումներ է ունենում, գրում է polit.ru-ն`վկայակոչնելով Reuters-ին:

Ռուսաստանի նախագահի առողջական խնդիրների մասին տեղեկությունն օրեր առաջ Reuters-ին հայտնել էր կառավարության աղբյուրը: Հաղորդվել էր, որ նախագահը մեջքի ցավեր ունի, ինչի հետեւանքով ստիպված է միջազգային մի շարք այցեր հետաձգել, այդ թվում` Հնդկաստան կատարելիք այցը:

Նաեւ հաղորդվել էր, որ ավելի վաղ  առողջական խնդիրների պատճառով Պուտինը հետաձգել էր Պակիստան եւ Թուրքիա կատարելիք այցերը, իսկ Թուրքմենիա իր փոխարեն ուղարկել էր վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:

Գործակալությունը նաեւ նկատել էր, որ սեպտեմբերին Վլադիվոստոկում` ԱԽՏՀ-ի գագաթաժողովում, Պուտինը կաղալով էր քայլում: Ի պատասխան Պեսկովը նշել է, որ  դա նախագահի մարզական վնասվածքի հետեւանք էր:

Մեկնաբանելով արտասահմանյան այցերի հետաձգումը` մամուլի քարտուղարը հայտնել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ըստ նրա` Պուտինի Հնդկաստան այցը նախատեսվածի պես կկայանա Դեկտեմբերի վերջին: