ԼՂՀ Պաշտպանության բանակն ընդունակ է ցանկացած պայմաններում կատարել հանձնարարված ցանկացած առաջադրանք: Այդ մասին հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

«Մեր զինվորների մարտական եւ ֆիզիկական պատրաստականության հարցում ոչ մի կասկած չի կարող լինել: Մեր զինվորները դիպուկ կրակում են, արագ եւ համարձակ են գործում», -ընդգծել է նախարարը: Նրա խոսքով` բարձր է ինչպես զինվորների, այնպես էլ հրամկազմի  պատրաստականության մակարդակը: «Այս ամենը վստահություն է ներշնչում, եւ համարձակորեն կարող ենք վստահեցնել`մեր զինվորներն ընդունակ են կատարել  հանձնարարված ցանկացած առաջադրանք», -կրկին ընդգծել է նախարարը:

Նրա խոսքով` զինծառայողների հմտությունների կատարելագործման եւ նրանց ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու աշխատանքներին զուգահեռ ԼՂՀ Պաշտպանության բանակն անընդհատ նոր տեխնիկայով է համալրվում: «Տեխնիկական համալրումը կատարվում է հակառակորդների գործողություններին համարժեք` նայած թե ինչ զինատեսակ է ձեռք բերում հակառակորդը: Մենք հակազդման զենք ենք պատրաստում, այսինքն` ուժերի հավասարակշռությունը պահպանելու միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի մեր բանակը հեշտությամբ կատարի տրված առաջադրանքները», - նշել է Մովսես Հակոբյանը: