Վրացական Չիատուրա քաղաքի հանքագործ բանվորների մի մասը դադարեցրել է գործադուլը: Նրանք համաձայնել են աշխատավարձերի 32 տոկոս բարձրացմանը: Բանվորներն արդեն աշխատանքի են անցել:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», գորածդուլի դադարեցման որոշումը կայացվել է ակցիայի 12-րդ օրը: Բանվորների մի մասը շարունակում է բողոքել եւ պահանջել աշխատավարձերի 100 տոկոսանոց բարձրացում:
Հիշեցնենք, որ Արեւմտյան Վրաստանի Չիատուրա քաղաքում հանքագործների եւ բանվորների գործադուլի հետեւանքով կանգ են առել բոլոր հանքերի եւ արտադրությունների աշխատանքները: Հանքագործները եւ բանվորները պահանջում են աշխատավարձի 100 տոկոսանոց բարձրացում: Գործադուլին ընդհանուր թվով մասնակցել են մոտ 3,7 հազար մարդ:




























