Իրանցի կինոռեժիսոր եւ սցենարիստ Ջաֆար Փանահին եւ նրա համերկրացի, իրավապաշտպան Նասրին Սոտուդեխը Սախարավի անվան մրցանակակիրներ են ճանաչվել, որը եվրախորհրդարանը շնորհում է իրավապաշտպան գործունեության համար:
Իրանցիները իրար մեջ կիսել են 50 հազար եվրոն, հաղորդում է Agence France-Presse-ը: Ռուսական Pussy Riot փանկ-խումբը մնացել է առանց մրցանակի:
Ինչպես հաղորդում է «Lenta.ru», Փանահին իր ստեղծագործական գործունեության համար հայրենիքում վեց տարվա ազատազրկման է դատապարտվել: Տեղական իշխանությունները նրա գործունեությունը «գործող համակարգի դեմ ուղղված» քարոզչություն են համարել: Իրանական դատարանը նրան արգելել է 20 տարի ֆիլմ նկարահանել:
Այլախոհներին իրանական դատարաններում պաշտպանած Սոտուդեխն ինքն էլ է ձերբակալվել 2010 թ-ին: Նրան դատապարտել են 11 տարվա ազատազրկման «պետության անվտանգությանը սպառնացող քարոզչության տարածման համար»:





























