Ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանը դիվերսիոն 7 գործողություն է կատարել: Այդ մասին հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Նախորդ տարի հակառակորդը նման բազմաթիվ փորձեր է կատարել, մի քանի անգամ նրան հաջողվել է ղարաբաղյան տարածք ներխուժել, մնացած դեպքերում փորձերը կանխվել են: «Այս տարի ձեռնարկվել են նման 7 փորձեր, բոլորն էլ ժամանակին հայտնաբերվել եւ կանխվել են: Կորուստներ կրելով՝ հակառակորդն ստիպված է եղել նահանջել», - նշել է Մովսես Հակոբյանը, հավելելով, որ բացառությամբ մեկ փորձի, հակառակորդին չի հաջողվել կորուստներ պատճառել Պաշտպանության բանակին:
Ըստ նախարարի՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ տարվա սկզբից Ադրբեջանը Ղարաբաղի ուղղությամբ շուրջ 12 հազար անգամ խախտել է հրադադարը: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր 9 519 անգամ: Ինչպես նշել է Մովսես Հակոբյանը՝ կրակի դեպքում ղարաբաղյան կողմի մարտիկները պատասխան կրակ են բացում: Ընդ որում՝ գրանցվել են խոշոր տրամաչափի զենքի կիրառման դեպքեր: «Շփման գծում հակառակորդը դրությունը փորձում է լարված պահել: Դա մի քանի նպատակ է հետապնդում՝ առավելագույն վնաս հասցնել ղարաբաղյան կողմին, փորձել բարձրացնել սեփական զինուժի ոգին, փորձել զբաղեցնել ավելի շահավետ դիրքեր», - նշել է Մովսես Հակոբյանը՝ հավելելով. «Չգիտեմ, թե որքան է նրանց հաջողվել բարձրացնել սեփական բանակի ոգին, սակայն մնացած առումներով նրանք հաջողության չեն հասել»:
Ինչպես տեղեկացրել է նախարարը, կատարվել է ադրբեջանցի դիպուկահարների կողմից ղարաբաղյան բանակի զինծառայողների սպանությունների պատճառների վերլուծություն, նախորդ տարվա բացթողումներից համապատասխան եզրահանգումներ են արվել: «Մենք մեծ աշխատանք ենք կատարել շփման գծում իրադրությունը շտկելու ուղղությամբ, որպեսզի ծառայությունը հնարավորինս անվտանգ լինի զինվորների համար», - նշել է Մովսես Հակոբյանը:




























