Բրյուսելի կենտրոնում գնդակահարել են ExxonMobil ընկերության թոփ-մենեջեր Նիկոլաս Մոքֆորդին: Սպանությունը տեղի է ունեցել դեռեւս մեկ շաբաթ առաջ, սակայն բելգիական ոստիկանությունը միայն այսօր է բացահայտել զոհվածի ինքնությունը, հաղորդում է Telegraph-ը:
Ոստիկանության տվյալներով, Մոքֆորդը կնոջ հետ դուրս է եկել իտալական ռեստորանից եւ շարժվել է մոտակայքում կայանած Lexus-ի ուղղությամբ: Այդ պահին տարածքում ներկաները մի քանի կրակոցներ, կանացի ճիչեր եւ դեպքի վայրից հեռացող մոտոցիկլետի ձայներ են լսել: Դեպքի վայրում հայտնաբերվել է արյան լճակում ընկած տղամարդ: Ենթադրվում է, որ գործել է պրոֆեսիոնալ մարդասպան:
Բրյուսելյան ոստիկանությունը հրաժարվում է հայտնել հետաքննության մանրամասները, հաղորդում է ՌԲԿ-ն:
ExxonMobil ընկերությունում չեն հասկանում, թե ինչը կարող էր դառնալ մենեջերի սպանության պատճառ, ով զբաղվում էր վառելիքային ապրանքանիշերի առաջխաղացմամբ, որը համապատասխանում է ԵՄ-ի բնապահպանական ամենավերջին պահանջներին:





























