Դոնի Ռոստովում դանակահարության հետեւանքով մահացած № 5 ՄՏՈՒ-ի 18-ամյա սան Սպարտակ Ռուբենի Սիմավոնյանը ՌԴ քաղաքացի է:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց № 5 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի տնօրեն Մարինա Գրեխովոդովան:
Նրա խոսքով` լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը, թե երիտասարդների միջեւ հակասությունները շարունակվել են տեւական ժամանակ եւ ավարտվել դանակահարությամբ, իրականությանը չի համապատասխանում:
Սպարտակն ու Սաշան նույն խմբից էին եւ երբեք չեն վիճել: Բացի այդ, սպանությունը կատարվել է ուսումնական հաստատության շենքում, ոչ թե փողոցում, ինչպես գրում են լրատվամիջոցները: Սաշան պարզապես մոտեցել, դանակով հարվածել է Սպարտակին եւ փախել: Այդ ամենը մի ակնթարթում է կատարվել»:
Գրեխովոդովան նաեւ հայտնել է, որ Սպարտակը շատ լուսավոր, բարի, հարեհաս տղա էր, ընկերական շրջապատի ոգին: Ի տարբերություն նրա` Սաշան ինքնամփոփ, մոռացված, մռայլ եւ հոգեպես անհավասարակշիռ մարդ է, ծնողներ չունի եւ մանուկ հասակում ծանր հոգեբանական վնասվածքներ է ունեցել:
«Նրանք հակապատկերներ էին: Բոլորը Սպարտակին շատ էին սիրում, նրա մահը վիշտ է բոլորիս համար: Երեկ մենք նրան հրաժեշտ տվեցինք: Նրա ծնողներն անգամ, նման կորուստ ունենալով հանդերձ, Սպարտակի ընկերներին եւ մանկավարժներին շնորհակալություն հայտնեցին նրան նման սիրով շրջապատելու համար»,- նշել է տնօրենը:
Հարցին, թե միջադեպը կարող էր կատարվել ազգային հողի վրա, Գրեխովոդովան բացառող պատասխան տվեց. «Սպարտակը Ռուսաստանի քաղաքացի էր, այստեղ էր ծնվել, նա մերն էր, հարազատ էր: Այո, Ռոստովում կան ազգայնականների խմբեր, բայց սա այդ դեպքը չէր: Այս դեպքում մենք գործ ունենք աննորմալ մարդու հետ: Իրավապահ մարմիններն ու լրատվամիջոցները փորձում են միջադեպը ազգային հողի վրա կատարված ներկայացնել, բայց դա այդպես չէ: Մեզ մոտ սովորում են հայեր, վրացիներ, ռուսներ, եւ երբեք նման հարցով բախումներ չեն եղել:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` հոկտեմբերի 23-ին առավոտյան ժամը 11-ի սահմաններում Դոնի Ռոստովի Մալինովսկի փողոցում ոչ գերատեսչական պաշտպանության աշխատակիցները ձերբակալել էին իր ծանոթին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող երիտասարդի:
Ինչպես պարզել էին ոստիկանները, № 5 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի երկու սաները ընդմիջմանը դուրս էին եկել «հարաբերություններ պարզելու»: Սպարտակ Սիմավոնյանին հասցրել էին հիվանդանոց, սակայն ստացված վնասվածքներից նա մահացել էր Դոնի Ռոստովի №20հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Երիտասարդների միջեւ հակասությունները շարունակվել են տեւական ժամանակ, եւ այդ օրը հասել էին գագաթնակետին: Նշվել էր, որ զոհը երկար ժամանակ ծանոթին ծաղրել է` ասելով, որ նա որբ է, դա էլ հավանաբար դարձել էր միջադեպի պատճառ:
Միջադեպի օրը երիտասարդները միմյանց հանդեպ անձնական հակակրանքն արտահայտել են վիրավորական արտահայտություններով: Ինչ -որ պահի տղան հանել է դանակը եւ հարվածել Սպարտակի վզին: Գիտակցելով, թե ինչ է արել, հանցագործը փախել է:
Մի քանի րոպե անց դեպքի վայր են ժամանել ոչ գերատեսչական պաշտպանության աշխատակիցները: Ոստիկանները տուժածին առաջին օգնություն են ցուցաբերել, պարզել կասկածյալի տարբերանշանները եւ մեկել նրան որոնելու:





























