Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի, քանի դեռ վրացական տարածքները գտնվում են օկուպացիայի ներքո: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նոր նախարար Մայա Փանջիկիձեն: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, իր պաշտոնն ստանձնած Փանջիկիձեն կարճ հանդիպում է ունեցել ԱԳ նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ, ապա պատասխանել լրագրողների հարցերին:
«Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ռուսական կողմը դեսպանատներ է բացել Սուխումիում եւ Ցխինվալում եւ քանի դեռ այդ վիճակը պահպանվում է, դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի… Ոչ միայն մեր նախարարության, այլեւ մեր բոլորի ու երկրի համար դեօկուպացիայից ավելի կարեւոր նպատակներ չկան»,-ասել է նոր նախարարը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Միաժամանակ Փանջիկիձեն նշել է, որ չի բացառում երկխոսությունը ռուսական կողմի հետ, թեեւ դիվանագիտական հարաբերություններ չկան:
Նա աջակցություն է հայտնել Ժնեւյան բանակցությունների ձեւաչափին, որը ստեղծվել է 2008-ին ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո, հավելելով, որ այն պետք է անպայման պահպանել, իսկ բանակցային գործընթացը պետք է խորացնել ու զարգացնել:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2008-ի օգոստոսյան պատերազմից եւ ՌԴ-ի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո:
Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ հաղթել է «Վրացական երազանք» շարժումը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Վրաստանի նոր իշխանություններից իրական գործողություններ է ակնկալում բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, սակայն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակի վերաբերյալ Թբիլիսիի հետ ոչ մի բանակցություն վարել չի պատրաստվում:




























