41 մարդ է զոհվել եւ ավելի քան 50-ը վիրավորվել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մայմանա քաղաքի մզկիթի վրա մահապարտի հարձակման արդյունքում:
Ոստիկանության տվյալներով, սպանվածների թվում են իրավապահ մարմինների ավելի քան 15 աշխատակից: Ահաբեկչությունն իրականացվել է մահմեդական գլխավոր տոներից մեկի` Իդ ալ-Ադխայի (Կուրբան Բայրամ) կապակցությամբ տեղի ունեցած նամազի ժամանակ: Ժամերգությանը ներկա է եղել Ֆարյաբ նահանգի կառավարիչը եւ տեղական ոստիկանության պետը, ովքեր չեն տուժել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նահանգի կառավարչի խոսքով, զոհվածների թվում կա 5 երեխա: Մեծ թվով կանայք եւ երեխաներ կան նաեւ տուժածների թվում, փոխանցում է «Ռոսբալտը»: Դեռեւս ոչ ոք իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը:




























