Մոտ օրերս «Ժառանգությունը» կհստակեցնի Խաչատուր Քոքոբելյանի հարցի շուրջ իր դիրքորոշումը: Այդ մասին, այսօր` հոկտեմբերի 26-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով` «Ժառանգությունը» եւ «Ազատ դեմոկրատները» միջկուսակցական խնդիրներ չունեն. «Ժառանգությունը» պատրաստ է շարունակել այդ կուսակցության հետ համագործակցությունը եւ իրագործել ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները: «Չէի ցանկանա, որ  «Ազատ դեմոկրատներն» այդ հարցում փոխեին իրենց դիրքորոշումը` այն  պայմանավորելով  Խաչատուր Քոքոբելյանի անձով, չնայած որ վերջինս այդ կուսակցության առաջնորդն է», - հստակեցրել է Հակոբյանը:

Իր հերթին «ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նշել է, թե խնդիրն այն է, որ Խաչատուր Քոքոբելյանը բազմիցս չի կատարել «ժառանգություն» խմբակցության անդամի  իր պարտականությունները: Որպես օրինակ նա նշել է այն փաստը, որ  Քոքոբելյանի ԱՄՆ այցի մասին խմբակցությունն իմացել է մամուլից: Նա վստահեցրել է, որ  «Ժառանգություն» խմբակցության որոշումը, որ Քոքոբելյանն այլեւս չի կարող ներկայացնել  խմբակցության դիրքորոշումը, կայացվել է այն պատճառով, որ «Ազատ դեմոկրատների» առաջնորդը խախտել էր  մանդատի վայր դնելու  մասին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը:  «Եթե բացակայում է  խմբակցության կանոնակարգի եւ աշխատաոճի նկատմամբ հարգանքը, ապա այդ մարդը չի կարող այն ներկայացնել», - ընդգծել է Փոստանջյանը:

Հակոբյանն էլ ափսոսանք է հայտնել «Ազատ դեմոկրատների» այն որոշման կապակցությամբ, որ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, ձեւականորեն մնալով «Ժառանգություն» խմբակցության կազմում,  ներկայացնում են  «ԱԴ» կուսակցությունը եւ ոչ մի պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն»  խմբակցության գործողությունների համար: Նա ընդգծել է, որ բոլոր անդամները պետք է  միայն խմբակցությունը ներկայացնեն, եւ եթե նրանք դա  գործնականում չեն անում, ապա, ըստ կանոնադրության, կարող են դուրս գալ խմբակցությունից եւ դառնալ անկախ պատգամավորներ:  Սակայն նման հնարավորություն ունեն միայն ցուցակի առաջին 3 պատգամավորները, իսկ մնացածները պետք է  վայր դնեն մանդատները: Հակոբյանը հավելել է, որ առաջին եռյակում է միայն Քոքոբելյանը:  Հետեւաբար  «Ժառանգությունը» կսպասի Քոքոբելյանի եւ Արզումանյանի դիրքորոշումների վերջնական հստակեցմանը, որից հետո  կորոշակիացնի իրենը: 

Հարցին, թե արդյոք կուսակցությունը Արզումանյանից կպահանջի՞ վայր դնել պատգամավորական մանդատը, Հակոբյանը պատասխանել է. «ժամանակը ցույց կտա»:

Հավելենք, որ Հայաստանի օրենսդրությունը  պատգամավորական մանդատները սեփական կամքով վայր դնելուց բացի այլ մեխանիզմ չի նախատեսում: