Խանջյան 20 հասցեում կիսակառույցի կաղապարամածի (опалубка) փլուզման հետեւանքով տուժածներից մեկի վիճակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից դեռեւս գնահատվում է ծանր։ Ինչպես NEWS.am-ին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, նա ունի բազմակի կոտրվածքներ եւ գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։

Մնացած 8-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տուժածներից 7-ն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն բաժանմունքներ։

Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետեւանքով երկու տուժածների վիճակը «Արմենիա» բժշկական կենտրոնի մասնագետները գնահատում են ծանր։ Երկուսն էլ գիտակցություն ունեն։ Նրանցից մեկին, ում մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում եւ սալջարդ, կողոսկրերի կոտրվածքներ` այսօր կվիրահատեն, քանի որ վնասվել է փայծաղը։

Երկրորդ տուժածի մոտ ախտորոշվել է սուր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, սուր շնչառական անբավարարություն։