Կոպենհագենի քաղաքապետարանում ընթանում է «Ազգային ճարտարապետության ժամանակակից միտումները» անվամց ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպվել է Կոպենհագենի քաղաքային խորհրդի, Կոպենհագենում հավատարմագրված դեսպանատների եւ օտարերկրացիների մշակութային կոնֆերանսի (KUKS) կողմից:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, ցուցահանդեսում 27 դեսպանատներ ներկայացրել են իրենց երկրների ճարտարապետությունը: Հայկական դեսպանատան ստենդը ձեւավորել են դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենը, ինչպես նաեւ Հայաստանից մեկնած ճարտարապետներ Նարբեխ Բեդրոսյանն ու Մերուժան Մինասյանը:
Հայկական պատմական ճարտարապետական հուշարձանների հետ միասին, ցուցադրությանը ներկայացվել են նաեւ Սուրբ Վարդանանց եկեղեցին (1998 թ., ճարտարապետ Ա. Մխիթարյան, Արթուր Մանուկյան, Արթուր Սուքիասյան), Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի եկեղեցու խորանը (2001 թ., ճարտարապետ Ջիմ Թորոսյան եւ Ռոմեո Ջուլակյան) եւ Սուրբ Խաչի ժամատունը (ճարտարապետ Սարգիս Սարդարյան-Ջուլակյան): Ներկայացված են նաեւ ճարտարապետներ Էրիկ Օահանյանի, Արման Ալավերդյանի,, Ագաթա Հարությունյանի, Անուշ Հարությունյանի եւ Կարինե Բալայան-Ջուլակյանի նախագծերը, ովքեր մասնակցել են Սրբոց Թարգմանչաց եկեղեցու նախագծման մրցույթին:
Հայկական ճարտարապետության պատմության բաժնում ներկայացված է Ուրարտական ժամանակներից մինչեւ մեր օրեր ընկած ժամանակահատվածը, ընդգծված է Հայաստանի դերը, որպես քրիստոնեական ճարտարապետության օրրան, ինչպես նաեւ նշվում են այն հետքերը, որոնք թողել են հայ ճարտարապետները եւ վարպետները բյուզանդական եւ մահմեդական ճարտարապետության մեջ:
ՀՀ-ի դեսպանատան ստենդի հետ միաժամանակ ցուցադրվում են հայկական տուֆի օրինակ եւ դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի` «Լույսի մասնիկները սեւ այգում. Կովկասյան եկեղեցին` Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում» գրիք-ալբոմը, որը նվիրված է հայկական եկեղեցական ճարտարապետությանը:





























