Սիրիահայ համայնքի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են: Երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, Սիրիական ավիաուղիների Երեւան-Հալեպ թռիչքով Սիրիա տեղափոխվեց մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն՝ այդ թվում առաջին անհրաժեշտության դեղորայք։

Ըստ նախնական ծրագրի, կորդեգրվի հումանիտար բեռը փոխադրելու այս ճանապարհը՝ չբացառելով նաեւ չարթերային բեռնատար թռիչքները։ 

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, «Օգնիր եղբորդ»  նախաձեռնության կողմից ծրագրեր են իրականացվելու նաեւ  Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված   սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով  «Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը 5մլն դրամի  փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։

Առաջիկա օրերին պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքների։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական եւ բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարեւոր ներդրումը    բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։