Հայ հեղափոխական դաշնակցությունը նախագահական ընտրություններին իր մասնակցության հարցը կճշգրտի այս տարվա դեկտեմբերին: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 26-ին, խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, կուսակցության առաջ նպատակ է դրված կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ ուսումնասիրել երկրում տիրող իրավիճակը: Գնահատականները կներկայացվեն դեկտեմբերին կայանալիք Բարձրագույն խորհրդի խորհրդակցության ժամանակ, որոնց հիման վրա էլ կընդունվի համապատասխան որոշում:

Կուսակցությունը նաեւ նպատակ ունի ձեռնարկել հնարավոր միջոցները ընդդիմադիր ճակատի համախմբման համար: Այս համատեքստում Ռուստամյանը նշել է, որ ՀՅԴ-ն նպատակ ունի առավել սեղմ տարբերակով հրապարակել 2009 թ-ին ներկայացված քաղաքական ծրագիրը եւ կփորձի նրա շուրջ միավորվել: Կայանալիք նախագահական ընտրություններին կուսակցոթյան մասնակցության վերաբերյալ որոշումը պայմանավորված կլինի նաեւ միավորման հարցում ձեռք բերած հաջողությունների մակարդակից:

Հարցին, թե արդյոք նա նկատի ունի մեկ միասնական թեկնածու առաջադրելու անհրաժեշտությո՞ւնը, երբ խոսում է միավորման մասին` Ռուստամյանը պատասխանել է, որ խոսքը վերաբերում է գաղափարի շուրջ միավորմանը, որը կընդունի երկրի բնակչության ընդդիմադիր հատվածը. «Պետք չէ կենտրոնանալ ընդդիմության կողմից միասնական թեկնածուի առաջադրման հարցի վրա: Այդ հարցը երկրորդական է, եւ թեկնածու կարող է դառնալ բոլորովին չեզոք մարդ: Մեր պատկերացմամբ, այդ թեկնածուն չի վայելի նախագահի աթոռը հինգ տարի շարունակ: Նա պետք է իշխանության գա եւ հրաժարվի գոյություն ունեցող քաղաքական համակարգից` հօգուտ կառավարման խորհրդարանական ձեւաչափի»: