Բելառուսցի ընդդիմադիր, նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովն ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից, հայտնում է «Խարտիա 97»-ը:  «Եվրոպական Բելառուս» շարժումը գլխավորող քաղաքական գործիչը վախենում է ձերբակալվելուց:

Սաննիկովն ասել է, որ արտասահմանում կշարունակի քաղաքական գործունեությունը եւ կհասնի նրան, որ «ժողովրդավարական Բելառուսի համար աջակցության որոշակի միջոցներ ձեռնարկվեն»:

Ինչպես հայտնում է  «lenta.ru»-ն, նախկինում Անդրեյ Սաննիկովն զբաղեցրել է Բելառուսի փոխարտգործնախարարի պաշտոնը: 1996 թվականին հրաժարական է տվել՝ բողոքելով նախագահի լիազորություններն ընդլայնող հանրաքվեի դեմ:  Հրաժարականից հետո զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ, դարձել է  «Եվրոպական Բելառուս» շարժման հիմնադիրներից մեկը, որի նպատակն էր հանրապետության մուտքը ԵՄ: 

2010 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին: Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրորդ տեղն է զբաղեցրել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից հետո՝ հավաքելով  72,6% ձայն (Լուկաշենկոն ստացել էր 79,7%): 2010 թվականի դեկտեմբերի 19-ին մասնակցել է ընդդիմության հանրահավաքին՝ չճանաչելով Լուկաշենկոյի հաղթանակը:  Ցույցը ցրվել էր, երբ  մարդկանց մի փոքր խումբ փորձել էր ներխուժել կառավարական շենք: Իշխանությունները միջադեպը գնահատել էին որպես զանգվածային անկարգություն:

Սաննիկովը եւ նրա կինը ձերբակալվել էին:  Ավելի ուշ նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նրա կնոջը դատարանը 2 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ դատավճռի իրագործման 2-ամյա հետաձգմամբ:

2012 թվականի գարնանն ընդդիմադիրը համաներմամբ ազատվել էր: Նրա կինը ներկայումս գտնվում է Մինսկում: Դատարանի որոշման համաձայն՝ նա երկից բացակայելու իրավունք չունի: