2012 թ. ինն ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 97.9 հազ. տոննա պղնձի հանքաքար կամ խտանյութ, տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Պղնձի արտահանումը շարունակում է մնալ Հայաստանի արտահանման ամենախոշոր հոդվածը, թեեւ պղնձի միջազգային գինը եւ հանքարդյունաբերող ընկերությունների հասույթները նվազել են: 2011 թ. 9 ամիսների համեմատ 2012 թ. արտահանվել է 12 հազ. տոննայով (14%-ով) ավելի խտանյութ:
Արտահանված պղնձի խտանյութի մաքսային ընդհանուր արժեքը 2012 թ. կազմել է 168 մլն դոլար` նախորդ տարվա 201 մլն դոլարի համեմատ: Այսպիսով` 2012 թ. պղնձի խտանյութը Հայաստանից արտահանվել է տոննան 1730 դոլարով, 2011 թ.` 2341 դոլարի համեմատ: Մեկ տոննայի մեջ, այսպիսով, հայկական ընկերությունների կորուստը 611 դոլար է, իսկ արտահանված պղնձի ընդհանուր ծավալում` մոտ 60 մլն դոլար:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի տոննայի արժեքը 2012 թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 7852 դոլար, այնինչ հոկտեմբերի սկզբին գերազանցում էր 8300 դոլարը, իսկ տարեսկզբին հասել էր մինչեւ 8500 դոլար: Նշենք, որ անցյալ տարվա գարնանը պղնձի գերազանցել է 9000 դոլարը, սակայն այնուհետ սկսել է նվազել: Գների որոշ աճ նկատվել է նաեւ այս տարվա սկզբներին, սակայն ընդհանուր առմամբ տարվա ընթացքում պղնձի գինը հազվադեպ էր գերազանցում 8000 դոլարը:





























