Թուրքական հայտնի Taraf պարբերականն անդրադարձել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Մոսկվա-Դամասկոս օդանավի հետ կապված ճգնաժամին՝ շեշտելով, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է անժամկետ հետաձգել իր այցը Թուրքիա։

Թուրքական պարբերականը հիշեցնում է, որ թուրքական կողմը պնդում է, թե օդանավում հայտնաբերվել է քաղաքացիական օդանավերի համար արգելված զինվորական ուղեբեռ, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե օդանավում զենք կամ ռազմական սարքավորումներ չեն եղել։

«Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ից հետախուզական տվյալ ստանալով, թե օդանավի մեջ զենք կա, F-16 կործանիչների ուղեկցությամբ ստիպեց Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող օդանավին իջնել Անկարայի օդանավակայան։

Թեեւ ուղեբեռն ուղարկվել էր ռուսական ընկերության կողմից, Անկարան զգուշավորություն ցուցաբերեց Ռուսաստանին մեղադրելու հարցում եւ թիրախ դարձրեց սիրիական ռեժիմին։

Բոլորին հետաքրքրում է, թե ինչպե՞ս կվարվի Թուրքիան, եթե Ռուսաստանը պաշտոնապես պահանջի հետ վերադարձնել ուղեբեռը։

Եթե ռուսաստանը հետ պահանջի ուղեբեռը, հավանականություն կա, որ Թուրքիան կվերադարձնի այն։ Իսկ եթե Ռուսաստանը պահանջի եւ Թուրքիան հրաժարվի վերադարձնել, Պուտինը կարող է 2-րդ անգամ եւ անժամկետ հետաձգել իր այցը Թուրքիա»,-գրում է Taraf-ը։