Միլանի դատարանն, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին Mediaset սկանդալային գործի կապակցությամբ 4 տարվա ազատազրկման է դատապարտել, որի շրջանակում քաղաքական գործիչը մեղադրվում էր ֆինանսական մեքենայությունների մեջ:
Դատավորի կայացրած դատավճիռն ուղիղ հեռարձակվել է Sky TG24 հեռուստաընկերության եթերով: Ինքը` Բեռլուսկոնին, դատարանի դահլիճում չի եղել:
Հիշեցնենք, որ երկու անգամ` 2011 թ-ի հոկտեմբերին եւ 2012 թ-ի հունիսին դատարանը Բեռլուսկոնիի վրայից հանել է բոլոր մեղադրանքները, սակայն դատախազությունը բողոքարկել է որոշումը:
Ինչպես գրում է «Ռոսբալտը», Mediaset-ը Բեռլուսկոնիի գործունեության հետ կապված դատական ամենաաղմկահարույց գործերից մեկն է: Նախկին վարչապետին մեղադրում են ֆինանսական լայնածավալ մեքենայությունների մեջ` Իտալիայում ամերիկյան ֆիլմերի ցուցադրության իրավունքի ձեռքբերման կապակցությամբ: Բեռլուսկոնին իր մեղքը հերքում է:
Իտալիայի նախկին Վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարական է տվել 2011 թ-ի նոյեմբերի 12-ին: Պաշտոնը լքելու որոշումը նա ընդունել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 8-ին Իտալիայի խորհրդարանի Պալատում զրկվել է ձայների մեծամասնությունից: Իտալիայի նոր վարչապետ է նշանակվել Մարիո Մոնտին:




























