Ավստրալիայի ամենախոշոր նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր խորհրդի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը կարեւոր իրադարձություն է: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` դա Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության հետեւանք է` ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչման հարցում: «Մեր որոշ գործընկերներ իբր աննպատակահարմար են գնահատում ԱԳՆ ղեկավարի այցերը հեռավոր երկրներ: Սակայն ակնհայտ է, որ հենց այդ երկրներն են հանդես գալիս որպես Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնողներ: Մամուլում արդեն գրում են այն մասին, որ մոտ ապագայում Ուրուգվայը նույնպես մետադիր է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի դիվանագիտությունը` երկրի նախագահի ղեկավարությամբ, լուրջ առաջընթաց է արձանագրել ԼՂՀ միջազգային ճանաչման գործում»: Շարմազանովի կարծիքով` դա վկայում է այն մասին, որ ԼՂՀ միջազգային ճանչումն այլընտրանք չունի, եւ միջազգային հանրությունը գիտի այդ մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդը հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ է ընդունել:
Բանաձեւն ընդունելով` Օրենսդիր խորհուրդը «Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ խորացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի եւ նրա քաղաքացիների հետ»:





























