Կարիբյան ծովի կղզիներում 40 մարդ է զոհվել «Սենդի» փոթորկից, որն արդեն անվանվել է «Ֆրանկենշտորմ»: Ներկայումս փոթորիկը գտնվում է Ատլանտիկայում` Բահամյան կղզիախմբի մերձակայքում, եւ շարժվում է դեպի ԱՄՆ-ի արեւելյան ափ` 10կմ/ժ արագությամբ: Քամին մի փոքր թուլացել է, սակայն դրա արագությունը հասնում է 120կմ/ժ-ի:
Հաիթիում զոհվել է 20 մարդ: Կուբայում մահացել է 11 մարդ, զոհեր կան նաեւ Դոմինիկյան հանրապետությունում, Յամայկայում եւ Բահամներում:
Բարձր ալիքները ջրհեղեղներ են առաջացրել Կուբայի հարավարեւելյան ափում: Հայիթիում առանց տանիքի են մնացել հազարավոր մարդիկ, անջատվել է էլեկտրականոթյունը: Բահամներում փակ են դպրոցները, հաստատությունները եւ օդանավակայանները, դադարեցվել է կամուրջներով երթեւեկությունը:
Ըստ օդերեւութաբանների` «Սենդին» ԱՄՆ-ի ափեր կհասնի հոկտեմբերի 29-ի երեկոյան կամ էլ հոկտեմբերի 30-ի առավոտյան` Հելոուինից մեկ օր եւ նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ:
Սպասվում է, որ «Սենդին» իր հետ կբերի մինչեւ 25 սմ տեղումներ, որոնք կարող են լինել ձյան տեսքով: Այդ դեպքում ձյան շերտի հաստութունը կկազմի 50-60 սմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնում է «vesti.ru»-ն, արտակարգ դրության ռեժիմ է մտցվել Վիրջինիա եւ Մերիլենդ նահանգներում, նաեւ՝ Վաշինգթոնում: «Սենդիի» պատճառով ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնին հետաձգել է հոկտեմբերի 28-ին նախատեսված հանդիպումը Վիրջինիայում:




























