ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է թողնել պաշտոնը` անկախ նոյեմբերի 6-ի նախագահական ընտրությունների արդյունքներից, հայտարարել է նա հոկտեմբերի 26-ին` իր 65-ամյակի օրը: 

Քլինթոնը նշել է, որ ցանկանում է «իր մնացած կյանքը» նվիրել միջազգային քաղաքականությունից ավելի հանգիստ  զբաղմունքների, գրում է  The Washington Times-ը:

Ամերիկյան լրագրողները պետքարտուղարի խոսքերից զգացել են, որ նա  չի պատրաստվում «այրել կամուրջները»: The Washington Times-ի լրագրողի հետ զրույցում Քլինթոնն ընդգծել է, որ դեռեւս Բարաք Օբամայի հետ չի խոսել իր հրաժարականի մասին:

Ամերիկյան առաջնորդն իր հերթին բարձր է գնահատում  պետքարտուղարի աշխատանքը: Ըստ նրա` նախարարը  «գերազանց աշխատանք» է կատարել եւ արժանի է  պաշտոնին մնալու: Սակայն դրա հետ մեկտեղ, ըստ Բարաք Օբամայի, ինքը չի կարող համոզել Հ. Քլինթոնին, գրում է rbc-ն: 

Պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնի վերջին օրերը  մթագնվել էին Լիբիայում ամերիկյան դեսպանի սպանությամբ: Դիվանագետի սպանությունը վերածվել էր քաղաքական  ներքին մեծ սկանդալի: