Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որն իրական պատժաժամկետ է ստացել  խաբեբայության համար, մեկնաբանել է դատարանի որոշումը: Ամբողջ գործընթացը նա քաղաքական է անվանել: Ըստ 76-ամյա միլիարդատերի` միլանյան դատարանը կայացրել է  «չլսված եւ անթույլատրելի» դատավճիռ, հաղորդում է ՆՏՎ-ն: 

«Դատարանի այդ որոշումը քաղաքական հետապնդում է», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»: Ըստ Բեռլուսկոնիի` «նման դատավորներով Իտալիան կվերածվի ոչ քաղաքակիրթ, բարբարոս երկրի, նա կդադարի ժողովրդավարական լինելուց: Ես շատ ցավում եմ, բայց դա այդպես է»:

Հիշեցնենք, որ Իտալիայի նախկին վարչապետին դատապարտել էին հոկտեմբերի 26-ին իրեն ենթակա Mediaset հոլդինգի ֆինանսական խարդախությունների համար: Բեռլուսկոնին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Սակայն  ժամկետը հենց նույն պահին կրճատվել է մինչեւ 1 տարվա`ըստ համաներման մասին օրենքի, որն ընդունվել էր 2006 թվականին: 

Բացի դրանից, դատարանը Բեռլուսկոնիին արգելել էր 3 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել: Նա նաեւ պետք է 10 միլիոն եվրո վճարի որպես փոխհատուցում: Նա դեռեւս ազատության մեջ է:  Հնարավոր է, հաջողվի բանտից խուսափել:

Փաստաբաններն իրավունք ունեն 2 անգամ բողոքարկել դատավճիռը, եւ այդ ամբողջ ընթացքում քաղաքական գործչին բանտ չի սպառնում: